Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

Ֆումիո Կիսիդա
Տոկիոն աջակցում է ռուսական ոսկու ներմուծման արգելքին և դադարեցնում է աուդիտորական ծառայությունների մատուցումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ճապոնիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ սառեցնելով ևս 70 անձանց ու կազմակերպությունների ակտիվները և արգելելով պաշտպանական ոլորտի հետ առնչվող 90 կառույցների մատակարարումները: Այս հայտարարությունն արել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Գերմանիայում G7-ի գագաթնաժողովում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին։
Ավելին` Տոկիոն աջակցում է ռուսական ոսկու ներմուծման արգելքին և դադարեցնում է աուդիտորական ծառայությունների մատուցումը։

«Մենք պատմական խաչմերուկում ենք։ Հարցն այն է, թե կկարողանանք արդյոք պահպանել կանոնների վրա հիմնված աշխարհակարգը։ Առայժմ չի ստացվում բավարար միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակում»,- ասել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը։

Այս տարվա հունիսի սկզբին Ճապոնիան ընդլայնել էր ավելի վաղ ընդունված հակառուսական պատժամիջոցների ցանկը՝ դրանցում ներառելով Ռոսսելխոզբանկն ու Մոսկվայի վարկային բանկը: Մինչ այդ Տոկիոն լրացուցիչ միջոցներ էր սահմանել 398 ֆիզիկական անձանց և 28 կազմակերպությունների դեմ:
Այս պահին Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ է ընդունել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
Արգելվել է Ռուսաստան արտահանել լյուքս դասի ավտոմոբիլներ և մոտոցիկլետներ, անհատական համակարգիչներ, ալկոհոլային թանկարժեք խմիչք և կոսմետիկա, բարձր տեխնոլոգիական ապրանքներ, այդ թվում` կիսահաղորդիչներ և 3D տպիչներ:
Հունիսի 17-ից արգելք է սահմանվել նաև բեռնատար ավտոմեքենաների, ինքնաթափների և բուլդոզերների արտահանման համար:
Բացի այդ, արգելվել է Ռուսաստանից փայտի, օղու և մի շարք այլ ապրանքների ներմուծումը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։