ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շուրջ չորս տարվա դադարից հետո Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչները մասնակցել են Վրաստանում անցկացվող Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի վերապատրաստման դասընթացներին։
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ 3-շաբաթյա դասընթացն իրականացվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։
Վրացական կողմը հայտնում, է, որ վարժանքներին մասնակցել են Վրաստանի, ԱՄՆ–ի, Լեհաստանի, Լատվիայի ու Լիտվայի ԶՈւ ներկայացուցիչները։
Զորավարժությունների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հանքարդյունաբերական տեխնիկայի տեխնիկական տվյալներին և շահագործմանը, խորացրել են կոլեկտիվ գոյատևման և տարհանման կազմակերպման հմտությունները, կատարել գետանցման, արգելապատնեշի հաղթահարման ու ժայռից իջնելու վարժություններ։
Վերջին անգամ հայկական կողմը Սաչխերեի դպրոցի դասընթացներին մասնակցել էր 2018 թվականի հունվարին, երբ ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ դասընթացում ներգրավված էին նաև Ադրբեջանի, Լիտվայի, Լեհաստանի զինծառայողները։
Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր է գործում, որն ամեն տարի թարմացվում է։ Միջպետական համագործակցության հիմնական ուղղությունը ռազմավարական պլանավորման, ռազմական կրթության, բժշկության և ռազմական ոստիկանության ոլորտներում փորձի փոխանակումն է։