Սահմանամերձ Որոտանը զրկվել է Գորիսի հետ կանոնավոր տրանսպորտային հաղորդակցությունից

Որոտան
Գյուղի ուսուցիչներին և բնակիչներին փոխադրող ուղևորատար «Ուրալը» ուսումնական տարվա ավարտից հետո դադարեցրել է կանոնավոր ուղերթները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik, Դավիթ Գալստյան․ Սյունիքի մարզի սահմանամերձ Որոտան գյուղը զրկվել է Գորիսի հետ կանոնավոր տրանսպորտային հաղորդակցությունից:
Գյուղի բնակիչների խոսքով՝ նախքան դպրոցի դասերի ավարտը 16 ուսուցիչ ամեն օր Գորիսից գյուղ էին գալիս «Ուրալ» հերթապահ ավտոբուսով: Նույն մեքենան շաբաթը երկու անգամ՝ սահմանված օրերի, առավոտյան երեք գյուղերի (Որոտան, Բարձրավան և Շուռնուխ) բնակիչներին տանում էր Գորիս, իսկ երեկոյան հետ բերում։
Որոտանի դպրոցը
Սակայն ուսումնական տարվա ավարտից հետո կանոնավոր երթևեկությունը դադարել է։
«Հիմա դասերն ավարտվել են, ուսուցիչներ չկան, տրանսպորտի խնդիրը շատ լուրջ է դարձել։ Մարդիկ ստիպված են իրենց մեքենաներով երթևեկել»,-ասում է գյուղացիներից մեկը։
Երբեմն մի «Գազել» է գալիս գյուղ, բայց դրանք հատուկենտ դեպքեր են՝ առանց որևէ կոնկրետ ժամանակացույցի. ոչ ոք չգիտի, թե մեքենան երբ կգա հաջորդ անգամ։ Բացի այդ, ինչպես նշում է գյուղի մեկ այլ բնակչուհի, այն ավելի քիչ մարդ է տեղավորում։
Խնդիրն է՛լ ավելի է խորացնում Որոտան-Խոտ ճանապարհի վիճակը, որն այլընտրանք է դարձել Գորիս-Որոտան մայրուղու համար (դրա մի մասը պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է անցել)։
Եթե նախկինում գյուղի բնակիչները մինչև քաղաք հասնում էին 15-20 րոպեում, ապա հիմա ստիպված են շրջանցել քանդված ճանապարհով, ինչը մեկ-մեկուկես ժամ է տևում։
Գյուղացիների միակ հույսն այն է, որ Խոտ- Որոտան այլընտրանքային ճանապարհը կվերանորոգվի։ Այս ճանապարհի վերանորոգման աշխատանքները դադարեցվել են մոտ մեկ ամիս առաջ։
Շինարարական տեխնիկան Խոտ- Որոտան ճանապարհին
«Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նաև ցածր նստվածքով մեքենաներով ենք գնում այդ ճանապարհով։ Օրինակ՝ եթե պետք է հիվանդանոց հասնել, ուզես-չուզես՝ սովորական մեքենայով էլ կգնաս»,-ասում է գյուղի բնակիչներից մեկը։
Միաժամանակ նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ ճանապարհի միջով առուներ են անցնում և խոնավացնում են այն, ինչը նոր փլուզումների պատճառ կարող է դառնալ․ վերանորոգման ընթացքում նման բան արդեն եղել է։
Խոտ-Որոտան ճանապարհը
Գյուղում ընդհանուր առմամբ գրանցված է մոտ 286 մարդ, փաստացի բնակվում են 200-ից մի փոքր ավելին։ Երբ արտակարգ բուժօգնության անհրաժեշտություն է առաջանում, բնակիչները ստիպված են լինում նույն ճանապարհով հիվանդանոց հասնել. այլ տարբերակներ չկան։ Գյուղում գործող միակ բուժկետը՝ միակ աշխատակից բուժքրոջ հետ միասին, միայն խիստ սահմանափակ օգնություն կարող է ցուցաբերել
Գորիս-Որոտան ճանապարհի փակման առաջին օրերին հացի առաքման դժվարություններ կային։ Խնդիրը լուծեցին գյուղում հացի փուռ բացելով։
Իսկ ձմեռային շրջանում գյուղի հիմնական խնդիրը ջեռուցումն է և անասնակերի պաշարը։ Գյուղը ձմռան համար խոտ մթերելու համար վարելահողեր ու դաշտեր չունի։ Պատերազմից առաջ անասունները արածում էին ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Հողերի կորստի պատճառով շատերը վաճառել են խոշոր եղջերավոր անասուններին՝ պատերազմից առաջ եղած 150-160 գլուխ կենդանուց գյուղում մոտ 70 գլուխ է մնացել (ընդ որում՝ 18-ն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք)։
2021 թվականին խնդիրը լուծելուն օգնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Որոտանի բնակիչներին (ընդհանուր՝ 1764 ընտանիք՝ Սյունիքի և Գեղարքունիքի 30 սահմանամերձ համայնքներում) ֆինանսական օգնություն հատկացրեց ջեռուցման (վառելափայտ) և անասնակերի ծախսերը հոգալու համար:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցը Որոտանում
Գյուղում խնդրահարույց է նաև խմելու ջրի հարցը․ ամռանը այն ժամով են տալիս (ջուրը չի բավականացնում)։ Ոռոգման համակարգ առհասարակ չկա։ Եվ չնայած դրա տեղադրման ծրագիր է մշակվել, իրագործման ժամկետներն անհայտ են։
Աշխատանքի բացակայությունը համընդհանուր խնդիր է, որը գյուղատնտեսությամբ բնականոն զբաղվելու պայմանների բացակայության պատճառով ավելի է խորանում։ Տնային տնտեսություններում ստացված բերքը դժվար է իրացնել նորմալ ճանապարհի բացակայության պատճառով։
Որոտանում թութ են հավաքում
«Այստեղ թութ է լավ աճում, մարդիկ հավաքում, օղի են քաշում։ Բայց ո՞վ կառնի դա, ո՞վ է այստեղ գալիս»,-բողոքում է գյուղի բնակիչը։
Նշենք, որ տրանսպորտի խնդիրը վերաբերում է ոչ միայն Որոտան գյուղին։ Նույն մեքենան տեղափոխում էր նաև Բարձրավան և Շուռնուխ գյուղերի բնակիչներին։
1 / 5

Խոտ-Որոտան ճանապարհը

2 / 5

Ցուցանակ

3 / 5

Որոտանում թութ են հավաքում

4 / 5

Որոտանում թութ են հավաքում

5 / 5

Որոտանում թութ են հավաքում