Ռուսաստանը 8 հույն դիվանագետի persona non grata է հայտարարել, նրանք կլքեն ՌԴ–ն. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ շենքը. Արխիվային լուսանկար
Ընդգծվում է, որ խոսքը Հունաստանի իշխանությունների նախաձեռնած ոչ բարեկամական գործողությունների անմիջական հետևանքների մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն գերատեսչություն է կանչել Հունաստանի դեսպանին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Հունիսի 27-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել ՌԴ–ում Հունաստանի Հանրապետության դեսպան Ե.Նասսիկան, որին վճռական բողոք է ներկայացվել ՌԴ–ի նկատմամբ Հունաստանի իշխանությունների բռնած առճակատման ճանապարհի, այդ թվում կիևյան ռեժիմին սպառազինություն և զինտեխնիկա մատակարարելու և Հունաստանում ՌԴ դիվանագետների խմբին persona non grata հայտարարելու հետ կապված», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակած հայտարարության մեջ։
Այնտեղ նշվում է, որ դեսպանին ծանուցվել է ՌԴ–ում 8 հույն դիվանագիտական աշխատակիցներին անցանկալի անձ հայտարարելու մասին, նրանք պետք է 8 օրվա ընթացքում լքեն Ռուսաստանը։
Ընդգծվում է, որ խոսքը Հունաստանի իշխանությունների նախաձեռնած ոչ բարեկամական գործողությունների անմիջական հետևանքների մասին է։
«Այս ամենի պատասխանատուն բացառապես Աթենքն է։ Նշվում է, որ հակառուսական քաղաքականությունը շարունակելու պարագայում իրավունք ենք վերապահում պատասխան արձագանք տալ», – գրված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հունաստանում ՌԴ դեսպանը հայտարարել էր, որ Հունաստանը դադարել է ռուս զբոսաշրջիկների հանգստի համար բարենպաստ երկիր լինել. ռուսատյացության ալիքը չի թուլանում, երկրի ղեկավարությունն այն ավելի է սրում։