Պատրաստ են մշտապես աջակցել. Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ
Ֆիլիպ Ռոսը նշել է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Ավստրիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Լյուքսեմբուրգի և Միացյալ Թագավորության երկրների խմբի Գործադիր տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ռոսի և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Խաչատրյանը իր խոսքում կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցության 15-ամյա հոբելյանը և նշել, որ հատկապես անորոշություններով լի և դժվար կանխատեսելի նոր իրողությունների ժամանակաշրջանում անչափ կարևոր են ԱԶԲ-ի հետ պարբերական հանդիպումները:
Ֆիլիպ Ռոսը, անդրադառնալով ԱԶԲ-ի՝ Հայաստանի կառավարության հետ ունեցած բազմամյա համագործակցությանը, նշել է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է և ԱԶԲ-ն պատրաստ է մշտապես աջակցել այստեղ իրականացվող ծրագրերին:
Հանդիպմանը կողմերը խոսել են մասնավոր հատվածի զարգացման, հանրային ներդրումների, պետական ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման, ինչպես նաև գործող տեխնիկական աջակցության միջոցառումների շուրջ: