ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ը հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն՝ Ուկրաինայում կարգավորման հասնելու նպատակով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք մտահոգված ենք մարտերի ակտիվացմամբ, որին ականատես ենք լինում։ Մենք մեծ հույս ունենք, որ չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր, բանակցությունները կշարունակվեն, և մենք պայմանավորվածության կհասնենք»,- ասել է Դյուժարիկը:
Մինչդեռ, նրա խոսքով, ՄԱԿ-ը կցանկանար, որ Սև ծովով Ուկրաինական հացահատիկի արտահանման ապահովման և միևնույն ժամանակ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման մասին փաթեթային պայմանավորվածությունը հնարավորինս արագ ձեռք բերվեր: Դյուժարիկը նշել է, որ նման պայմանավորվածության շուրջ բանակցություններ են ընթանում։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումներին խանգարելու համար, Մոսկվան կտրականապես հերքում է նման մեղադրանքները:
Ընդ որում՝ Կիևի իշխանություններն իրենք են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել հացահատիկի արտահանման համար. բացի Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից, ուկրաինական զորքերն ականապատել են Սև ծովի ջրատարածքը, ինչը թույլ չի տալիս ցորենը համաշխարհային շուկաներ տեղափոխել նավերով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, և եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, ցորենով բեռնված նավերը կկարողանան առանց որևէ խնդրի դուրս գալ այնտեղից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։