ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանում գտնվող կենսալաբորատորիաները 100 %-ով երկրի սեփականությունն են, չնայած որ ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` թեմայի շուրջ քննարկումները եղել են 2018 թվականին, և առաջին անգամ մտահոգություններ են բարձրացրել ՌԴ գործընկերները, ինչի կապակցությամբ այցելություններ ու քննարկումներ են եղել։ Արդյունքում որևէ մտահոգություն չի եղել։
«Հայաստանի ու Ռուսաստանի միջև կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ է ստորագրվել։ Այն տեղեկությունը, որը մենք ունենք, ամբողջությամբ մեզ է պատկանում»,– ասաց Փաշինյանը։
Պատասխանելով հարցին, արդյոք ՀՀ–ում կան այնպիսի կառույցներ, որոնք մասնակցել են Ուկրաինայի կենսաբանական նախագծերին, ընդգծեց` ինքն այդպիսի տեղեկություն չունի։
«Կենսաբանությունը գիտություն է, և Հայաստանից որևէ գիտնական կարող է մասնակցել Ուկրաինայի որևէ գիտական ծրագրի։ Եվ ի՞նչ։ Ուկրաինայի հետ կապված ի՞նչ գործողության մասին է խոսքը։ Մինչ օրս որևէ գործողության հետ կապված մեզ մատնացույց չի արվել»,– ասաց վարչապետը։
Նա շեշտեց` այս հարցում ՌԴ–ի հետ սերտ համագործակցում են ու շարունակելու են, սակայն դա չի նշանակում, որ գիտության զարգացման ոլորտում այլ երկրների հետ ՀՀ–ն չի համագործակցելու։ Միայն ուշադիր են լինելու, որպեսզի հասկանան` ՌԴ–ի համար այդ համագործակցությունը կարո՞ղ է սպառնալիք ստեղծել, թե՞ ոչ։