ՀՀ-ի և ՌԴ-ի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները

ՀՀ-ի և ՌԴ-ի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները
Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300 ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «ՀԱԷԿ» ՓԲԸ–ի ու «Ռուսատոմ Օվերսիզ» ԲԲԸ–ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը: Տեղեկությունը հայտնում է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:
Համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացել է հունիսի 23-ին։ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, իսկ ռուսականը` նախագծի ղեկավար, «ՌԷՊ» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը։

Առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգում եղել է մեծ հզորության ՋՋԷՌ (ջրաջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:

Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300 ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ:
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները, որոնք, նախապես ուսումնասիրելով ռուսական կողմի առաջարկները, ներկայացրել են միջուկային տեղակայանքների նախագծման, տեղանքի ընտրության, կառուցման և անվտանգության երաշխիքների լիցենզավորման վերաբերյալ ՀՀ-ում գործող կարգը:
Քննարկումների և տարաբնույթ հարցուպատասխանների արդյունքում կողմերն ընդգծել են հանդիպման արդյունավետությունը, ինչն արդեն որոշակի քայլ է նախագիծը կյանքի կոչելու պատասխանատու գործընթացում:
Հայկական ԱԷԿ–ը նոր պահեստարաններ կկառուցի. կայանի տնօրեն