ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել ՀՀ ԱԳ նախարարության` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման առաջարկը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրանք հանդիպման ընթացքում պետք է պայմանավորվածություններ ձեռք բերեին խաղաղության պայմանագրի և հետագա ընթացքի վերաբերյալ։
«Տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը։ Այդ հայտարարություններից հետո, քանի որ դրանք իրենց բնույթով տարօրինակ են, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից առաջարկ է եղել Ադրբեջանի ԱԳ նախարարություն, որպեսզի տեղի ունենա այդ գերատեսչությունների ղեկավարների հանդիպում։ Արդեն առնվազն 1 դեպք ունենք, որ Ադրբեջանը բոյկոտել է և չի ներգրավվել աշխատանքներին»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում խաղաղության օրակարգն այլընտրանք չունի։ Վարչապետը նշեց, որ Ադրբեջանը հրաժարվում է տարբեր թեմաներով խոսակցության գնալ` Հայաստանին մեղադրելով խոսակցությունից հրաժարվելու մեջ։ Սա, ըստ Փաշինյանի, արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մինչ այդ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մի քանի անգամ այդ հարցը քննարկվել է ու արձանագրվել` դեռ անհրաժեշտ է, որ մեկտեղվեն պատկերացումները, թե ինչ ձևաչափով ու տեմպով պետք է գործընթացն իրականանա։ Քննարկել են, թե ընդհանուր առմամբ խաղաղության պայմանագիրն ինչ դրույթներ պետք է ներառի։
ՀՀ վարչապետն ավելացրեց, որ նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրար հետ կապի մեջ պետք է լինեն ու շփումներ ունենան, որպեսզի հետագա աշխատանքները կազմակերպեն։
«Նախնական քննարկումներ եղել են, որից հետո կոնկրետ պատկերացումների տեքստ էլ չունենք, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շարունակենք աշխատանքները»,- ասաց վարչապետը։
Նշենք, որ հանդիպումը պետք է կայանար այսօր Բրյուսելում, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է։