ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները Զմեինի կղզուն կրկին հարվածելու անհաջող փորձ են կատարել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
««Պանցիր-Ս» զենիթահրթիռահրանոթային համալիրով գրոհը հետ մղելու հետևանքով խոցվել է ուկրաինական օդուժի Սու-25 ինքնաթիռն ու 12 ռեակտիվ արկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ` ՌԴ ավիացիան և հրետանին մեկ օրում ավելի քան 720 ուկրաինացի ազգայնական են ոչնչացրել, իսկ հակամարտկոցային պայքարի շրջանակում` համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 10 դասակ։
ԼԺՀ–ում ոչնչացվել է նաև զինամթերքի 4 պահեստ, կառավարման երկու կետ Նիկոլաևի շրջանում, ինչպես նաև հրետանի և ականանետ ավելի քան 60 շրջաններում։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է նաև, որ ՌԴ ՕՏՈւ-ի բարձր ճշգրտության զենքով հարվածներ են հասցվել ուկրաինական զորքի ուսումնական կենտրոններին` Չերնիգովի, Ժիտոմիրի և Լվովի մարզերում։ Հարվածի հետևանքով ամբողջությամբ կորցրել են մարտունակությունը 65-րդ, 66-րդ մոտոհրետանային բրիգադները և զորավարժարանում նախապատրաստությունն ավարտող ուկրաինական զորքերի ռազմավարական պահուստի կազմի 46-րդ աերոմոբիլ բրիգադը։
Նշվում է նաև, որ ուկրաինական 30-րդ մեքենայացված բրիգադի զինծառայողները բարոյահոգեբանական վատ վիճակում են։
«Արտեմովսկի մերձակայքում տեղակայված 30-րդ մեքենայացված բրիգադում հարբեցողության զանգվածային դեպքեր են նկատվում, զինվորականները թմրանյութեր են օգտագործում և ինքնակամ լքում մարտական դիրքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 123-րդ օրը։