ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել։
«Կայծակի հարվածը Արագածի լանջերին»,- տեսանյութին կից գրել է Սուրենյանը։
Նշենք, որ հանրապետության տարածք ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը առաջիկա օրերին պահպանվելու է։ Օրեր առաջ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր, պոկվել էլեկտրական լարեր։ Քամու հետևանքով վնասներ են արձանագրվել մասնավորապես Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:
Բացի այդ, մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։
Նշվում է նաև, որ օրեր առաջվա ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։