Ֆրանսուհու հայերենն ու La Boheme–ը. Zaz-ը առաջին մենահամերգն ունեցավ Երևանում

Զազը համերգի ժամանակ
2 ժամ անընդմեջ երկրպագուների համար երգչուհին կատարեց իր հայտնի երգերն ու ամենահայտնի հիթը՝ Je Veux-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «ՀԱՅԱ» փառատոնը մեկնարկեց ֆրանսիացի երգչուհի Zaz-ի համերգով, որը տեղի ունեցավ երեկ, Երևանի «Հրազդան» մարզադաշտում։
Համերգի բացումն արեցին երիտասարդ երաժիշտ Պարգը և «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը, որից հետո հանդիսատեսին հայերեն ողջունելով բեմ բարձրացավ Zaz-ը։
Նա հատուկ հայ երկրպագուների համար փորձել էր իր մտքերը հայրենով ձևակերպել։
«Մենք հաճախ մեզ անզոր ենք զգում սարսափի դեմ․ ես հավատում եմ, որ երգելն ու պարելը մեզ կարող են զվարճացնել, և դա արդեն լավ է»,–ասաց երգչուհին։ Նա հավելեց, որ մեր ապրած ամեն օրը հրաշք է, բայց մարդիկ հաճախ են մոռանում այդ մասին։ Իր համար կյանքը կրակն է, այն կրակը, որն ունի իր ներսում։
Հենց այդ կրակով էլ 2 ժամ անընդմեջ երգչուհին կատարեց իր հայտնի երգերն ու ամենահայտնի հիթը՝ Je Veux-ը։
Երգչուհին համերգի ընթացքում հիշեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, ու հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանի նվագակցությամբ կատարեց La Boheme երգը։
Համերգի ողջ ընթացքում ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի հանդիսատեսը երգչուհու հետ պարում էր ու ձայնակցում նրան։
Զազն ու Կամո Սեյրանյանը
Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակներում հուլիսի 1-ին Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, հուլիսի 9-ին՝ Led Zeppelin Symphonic նախագիծը։ Առաջիկա համերգները նույնպես տեղի կունենան «Հրազդան» մարզադաշտում։