Թուրքիան «FlyOne Armenia»-ին թույլ չի տալիս թռիչքներ իրականացնել դեպի Լիբանան

«FlyOne Armenia» ավիաընկերության ինքնաթիռ
Ստեղծված իրավիճակում ընկերությունը ստիպված չեղարկել է Երևան - Բեյրութ - Երևան չվերթերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թույլ չեն տվել «FlyOne Armenia» hայկական առաջին ազգային ավիաընկերությանը Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ իրականացնել դեպի Լիբանան։
Ինչպես հայտնում է «FlyOne Armenia»-ն, ստեղծված իրավիճակում ընկերությունը ստիպված է մինչև հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան չվերթերը:
«Բեյրութի ուղղությամբ չվերթերի վերսկսման մասին հավելյալ կտեղեկացնենք։ Անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Եկատերինբուրգ - Երևան չկայացած չվերթի օդանավը բարեհաջող հասել է «Զվարթնոց»
Ավիաընկերությունն ուղևորներին նաև այլընտրանքային տարբերակներ է առաջարկում` թռիչքի ամսաթվի փոփոխություն, Credit Shell գումարի 110%–ի չափով վերադարձ` FLYONE անձնական հաշվին` կայքում կամ հավելվածում այլ տոմսեր գնելու նպատակով, կամ չեղարկված թռիչքի՝ տոմսի արժեքի ամբողջական վերադարձ։
Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքներից մեկը։
Հիշեցնենք` Երևան - Բեյրութ - Երևան երթուղով առաջին կանոնավոր չվերթը տեղի է ունեցել հունիսի 20-ին: Նախատեսվում էր իրականացնել շաբաթական երկու չվերթ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։