ՌԴ-ից բերված սերմերն ու սորտերն արդեն հարմարվել են Շիրակի բնակլիմայական պայմաններին

Դաշտային ցուցադրություն Գյումրու սելեկցիոն կայանում
Ռուսական երկու ընկերությունների հետ համագործակցությունը շատ է նպաստում բերքատու սերմերի արտադրությանն ու տեղայնացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Չնայած հորդառատ անձրևին` «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի կատոֆիլի, գարու ու ցորենի դաշտերն այսօր մարդաշատ էին. «Դաշտային օր- 2022» միջոցառումը համախմբել էր ոչ միայն գյուղատնտեսության և էկոնոմիկայի ոլորտների, այլ նաև սերմնաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին: Միջոցառմանը ներկա էին նաև ՌԴ «Պ․Պ․ Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոն» ինստիտուտի, ՌԴ «ՖԱՏ-ԱԳՐՈ» ՍՊԸ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Պարենի և գյուղատնտեսության (FAO) կազմակերպության ներկայացուցիչները։
Դաշտային ցուցադրություն Գյումրու սելեկցիոն կայանում
Գիտաարտադրական ընկերության փորձամարգերում կողք կողքի հացահատիկային մշակաբույսերի հայկական ու ռուսական սորտերն էին: «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ն դեռ անցած տարի էր համագործակցության պայմանագիր կնքել «Պ․Պ․ Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոն» ինստիտուտի հետ՝ համատեղ գիտական աշխատանքով զբաղվելու նպատակով:
Դաշտային ցուցադրություն Գյումրու սելեկցիոն կայանում
ՌԴ-ից ներմուծված հացահատիկի ավելի քան քսան սորտ է փորձամարգերում ներկայացված՝ հիմնականում ցրտադիմացկուն ու երաշտադիմացկուն:
Հայաստանում շաքարի ճակնդեղի տեսակներ են փորձարկում ՌԴ և Բելառուս սերմեր առաքելու համար
«Համաձայն անցած տարի կնքված համագործակցության հուշագրի՝ Գյումրու սելեկցիոն կայանին փորձարկման է տրամադրվել փափուկ հացահատիկի 20 սորտ: Պետք է ասեմ, որ դրանք լավ են հարմարվել հայաստանյան պայմաններին, և դրանցից շատերը կարող են տարածում գտնել Հայաստանում, առաջիկայում նոր սորտեր ևս փորձարկման կուղարկվեն Հայաստան»,- ասաց ՌԴ Պ.Պ. Լուկյանենկոյի անվան ցորենի ազգային կենտրոնի բիոտեխնոլոգիայի բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռոմիկ Դավոյանը։
ՌԴ Պ.Պ. Լուկյանենկոյի անվան ցորենի ազգային կենտրոնի բիոտեխնոլոգիայի բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռոմիկ Դավոյան
Նրա խոսքով` այս համագործակցությունը կլուծի պարենային խնդիրը։
Սելեկցիոն կայանը սերմերի արտադրության մասին պայմանագիր ունի նաև ՌԴ «ՖԱՏ-ԱԳՐՈ» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակում ներդրվել է կարտոֆիլի համակարգված սերմնարտադրություն, որի հետ զուգահեռ սկսվել են իրականացվել սորտափորձարկումներ:
Ընկերությունում փորձարկման են ենթարկվել 18 նոր սորտեր, ևս 12-ը փորձարկվում են այս տարի: Կարտոֆիլի սերմնարտադրությունը ընկերությունում դինամիկ զարգանում է: Այդ սորտերից 6-ն արդեն ներկայացվել է պետական գրանցման:
«Արդեն երրորդ տարին է` համագործակցում ենք Գյումրու սելեկցիոն կայանի հետ։ Խնդիրներն ու նպատակները երկուստեք նույնն են: Հայ գործընկերները գոհ են արդյունքներից, և մենք կշարունակենք համատեղ կարտոֆիլի նոր բարձր որակի սերմեր արտադրել»,- ասաց «ՖԱՏ-ԱԳՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Զաուր Մարզոևը:
Ի դեպ, մինչ այս Հայաստանում կարտոֆիլի համակարգային արտադրություն չի եղել:
Դաշտային ցուցադրություն Գյումրու սելեկցիոն կայանում
«Միջոցառումը միտված է ընկերության որդեգրած քաղաքականությանը՝ մասնավորապես նոր, չորադիմացկուն երաշտակայուն սերմերի ստեղծմանն ու Հայաստանում պարենային ապահովության ներդրմանը: Ռուսական այս երկու ընկերությունների հետ համագործակցությունը շատ է նպաստում բարձր բերքատու սերմերի արտադրությանն ու տեղայնացմանը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը` նշելով, որ կայանն ունի ընդամենը 320 հա տարածք:
«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Մարտիրոսյան
Ամբողջ հանրապետության սերմնարտադրության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մոտ 11-12 հազար հեկտար, բայց սելեկցիոն կայանի արտադրած սերմերով հնարավոր կլինի 10 հազար հեկտարի համար տալ ելանյութ՝ սերմեր ստանալու: