ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Իրանի իշխանությունները սկսել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին:
«Այս տարի մենք սկսեցինք այլ աշխատանք՝ նախագծելով 360 մեգավատտ հզորությամբ համաիրանական էլեկտրակայան, որի շինարարությունը նախատեսվում էր արտասահմանյան երկրների հետ համագործակցությամբ։ Այսօր մենք վճռականորեն փոխել ենք այդ նպատակը և, օգտագործելով ազգային ներուժը, կառուցում ենք լիարժեք իրանական ատոմակայան», - Էսլամիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։
Նա ներքին շինարարական ընկերություններին, արդյունաբերական ընկերությունների խոշոր սեփականատերերին հորդորել է միանալ ատոմակայանի կառուցման նախագծին։
Էսլամին շեշտել է` Իրանը կունենա տեխնոլոգիաների և արդյունաբերության ավելի բարձր մակարդակ, կդառնա սեփական ատոմային էներգետիկայով երկիր և կկարողանա հայտնվել ատոմային արդյունաբերություն ունեցող առաջատար երկրների շարքում։