ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցին։
Sputnik
Երբ 2020-21 թվականներին իրականացվեցին Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, ակնհայտ դարձավ, որ դրանց գործնական կիրառման ընթացքում ի հայտ են գալու որոշակի խնդիրներ, ուստի առաջանալու է ևս մեկ անգամ ընտրական բարեփոխումներին անդրադառնալու անհրաժեշտություն, այսինքն` իրականացված լայնածավալ բարեփոխումներից հետո ընտրական գործընթացում ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
«Պրակտիկ կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները հնարավոր չէ կանխագուշակել։ Ովքեր առնչվել են ընտրական գործընթացներին, գիտեն, որ ցանկացած օրենսդրական մեծ նախաձեռնության գործարկման ժամանակ պետք է հետևել ընթացքին, և ի հայտ եկած խնդիրների շտկումից հետո միայն բարեփոխումները կստանան ամբողջական տեսք»,- նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը։
Հովակիմյանի խոսքով` կան որոշակի փոփոխություններ, որոնք պայմանավորված են այս ընթացքում զուտ Ընտրական օրենսգրքի ուսումնասիրություններով։ Ըստ նրա` որևէ ոլորտում չկա իդեալական օրենսդրություն կամ վերջնական տարբերակ, որը փոփոխման ենթակա չէ, ուստի ոչ մի օրենսդրություն կատարյալ չէ. կյանքը զարգանում է, անհրաժեշտ են նոր փոփոխություններ, և օրենսդրությունն էլ պետք է բարելավվի զարգացումներին զուգընթաց։ Պատգամավորն ասաց, որ ակնկալում են ընտրական նոր փոփոխությունները կիրառել աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում։

«Ընտրական փոփոխությունների նախագծի շուրջ ԿԸՀ մեր գործընկերների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հետ աշխատում ենք հունվարից։ ԿԸՀ-ի հետ կոնկրետ համագործակցել ենք օրենսդրության մեջ պրակտիկ լուծումներ գտնելու հարցում, որպեսզի հետագայում նոր խնդիրների առջև չկանգնենք։ ՀԿ-ների դեպքում գնացինք այլ ճանապարհով և խնդրեցինք, որ իրենց գույքագրած խնդիրները փոխանցեն մեզ։ Նրանց իրատեսական նկատառումները հաշվի կառնվեն ինչպես այս շրջափուլում, այնպես էլ ապագայում, եթե ներդրվեն նոր ինստիտուտներ»,- ասաց Հովակիմյանը։

Նա տեղեկացրեց, որ հուլիսին նախատեսված են ԱԺ արտահերթ նիստեր, ուստի խնդրելու է, որ դրանցից մեկի օրակարգում ընդգրկվի ընտրական փոփոխությունների նախագիծը, հակառակ դեպքում հնարավոր չի լինի աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ կազմակերպել տարբեր քվեաթերթիկներով քվեարկություն, ներդնել Կենտրոնական բանկում նախընտրական հիմնադրամներ բացելու պրակտիկան, իրականացնել ավագանու առաջին նստաշրջանին վերաբերող և վարչական դատավարությանն առնչվող կարգավորումները, որպեսզի ընտրություններից հետո չլինեն այն բացերը, որոնք ի հայտ եկան 2021 թվականին։
Նշենք, որ հունիսի 23-ին ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ քննարկվեց ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական փաթեթը կոչված է լուծելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներից հետո ի հայտ եկած խնդիրները:
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է տուգանել համատիրության կարգազանց ղեկավարներին