ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հնդկաստանը 50 անգամ ավելացրել է ռուսական նավթի գնումները։ Տեղեկությունը հայտնում է «Economic Times» հնդկական պարբերականը։
Ուկրաինական իրադարձություններից առաջ ռուսական նավթի մասնաբաժինը Հնդկաստանի գնումներում կազմում էր ընդամենը 2%, այժմ աճել է մինչև 10%-ի: Ամենախոշոր գնորդների թվում է «Նայարա» նավթավերամշակման գործարանը, որի 49%-ը պատկանում է «Ռոսնեֆթ» ընկերությանը։
Ռուսաստանը առաջ է անցել Սաուդյան Արաբիայից՝ դառնալով Հնդկաստանի նավթի երկրորդ մատակարարը Իրաքից հետո: Ռուսական նավթը ուկրաինական հակամարտության պատճառով վաճառվում է զգալի զեղչով (մեկ բարելի դիմաց` 30 դոլար կամ ավելի)։
Հնդկաստանն աշխարհում նավթի երրորդ խոշոր սպառողն է ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո։ Ներմուծված վառելիքի 85 տոկոսն օգտագործում է սեփական կարիքների համար։