ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին, որոնք վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբին։
«Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի` 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը»,– գրել է ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
ԱԳՆ–ի արձագանքը, ըստ էության, ոչ թե նոր պատասխան է, այլ նախկին հայտարարության հիշեցում։
«Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»,– գրել է Հունանյանը` հրապարակելով ապրիլի 19-ի հայտարարության մի հատվածը։
Գրառման վերջում ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը։
Հիշեցնենք` հունիսի 24-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների նախաձեռնությամբ։
Նրա մեկնաբանմամբ` բոլոր այն աշխատանքները, որոնք տարիներ շարունակ արվել են առանց շոշափելի արդյունքի, 2020թ-ի սեպտեմբեր-նոյեմբերի իրադարձություններից հետո մնացել են հետևում։ Կարգավորման հիմքում, նրա խոսքով, այսօր բացառապես եռակողմ հայտարարություններն են։
Նախկինում իրականացված քննարկումներից այսօր, ըստ Լավրովի, արդիական է մնում միայն վերջնական նպատակը, այն է` ազատել Ղարաբաղը շրջապատող շրջանները և լուծել Ղարաբաղի ու Ղարաբաղի բնակչության կենսապահովման խնդիրը։