ԵՐԵՎԱն, 25 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիստին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք։
Նիստում ներկայացվում է հիմնադրամի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը
Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերջին` 30-րդ նիստը, տեղի էր ունեցել 2021թ-ի նոյեմբերի 27-ին։
Երեկ` հունիսի 24-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում` հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի պատճառով։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Այս կառույցը հիմնադրվել է մի նպատակով` ստեղծել համահայկական ցանց, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է:
Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ՀՀ նախագահն ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմի անդամները 30-ն են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը և այլք։