ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զենքի շրջանառության վերահսկողությունը խստացնելու մասին օրենք է ստորագրել։ Նա փաստաթուղթը ստորագրել է Սպիտակ տանը։
«Ես այստեղ եմ հանուն վերջին 30 տարիների ընթացքում ընդունված ամենանշանակալի օրենքի», - ասել է նախագահը:
Բայդենը խոստացել է օրենքի ընդունումն ավելի ընդգրկուն միջոցառմամբ նշել Սպիտակ տանը հուլիսի 11-ին՝ արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո: ԱՄՆ նախագահը մեկնելու է Եվրոպա, որտեղ մասնակցելու է G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին:
Օրինագիծը խստացնում է 18-ից մինչև 21 տարեկան պոտենցիալ գնորդների ստուգումները, խրախուսում է նահանգներին այնպիսի նորմեր ընդունել, որոնք թույլ կտան մերժել զենքի վաճառքը այն անձանց, որոնց դատարանը վտանգավոր է համարում հասարակության համար, ֆինանսավորում է դպրոցական անվտանգության և երիտասարդության հոգեբանական օգնության ծրագրերը: