ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը շարունակելու է անհնազանդության ակցիաներն ու երթերը Երևանում, դրան զուգահեռ մարզերում և Արցախում աշխատանքներ են տարվելու շարժման ընդլայնման համար։ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով` այս ընթացքում 5 մարզում ձևավորվել են շարժան կոորդիանացիոն խմբեր, հանձնախմբեր։ Լայն ծավալով աշխատանքները շարունակվում են, ունեն կոնկրետ ժամանակացույց և այդ պլանով գնում են առաջ։
Սաղաթելյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է պայքարի ավելի վճռական ու կարևոր փուլի նախապատրաստվելու համար։
«Արցախում ևս դիմադություն շարժման օջախներ կձևավորվեն, և մենք սերտորեն համագործակցելու ենք Արցախի մեր գործընկերների հետ, այցելությունները կրելու են պարբերական բնույթ։ Մեզ համար չափազանց կարևոր է «Դիմադրություն» շարժման միասնությունն ու համախմբվածությունը։ Համոզված եղեք, որ դա այդպես է։ Տարբեր խոսակցություններ կան, դրանց ուշադրություն մի դարձրեք»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց նա։
Սաղաթելյանը տեղեկացրեց, որ հաջորդ չորեքշաբթի` հունիսի 29–ին` ժամը 19.30–ին, տեղի է ունենալու շաբաթվա հրատապ թեմայով բովանդակային քննարկում, իսկ ուրբաթ օրը` հուլիսի 1–ին, ժամը 19.30–ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկելու է շարժման երթը։
Նա հավելեց, որ շարժման աջակիցները պետք է միշտ պատրաստ լինեն հրատապ հավաքների, անհնազանդության ակցիաների։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. գնալու են մինչև վերջ: