ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հարավային զորամիավորումը, որի հրամանատարը ՌԴ ՕՏՈւ–ի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինն է, ավարտել է Գորսկոյե բնակավայրում շրջափակված ուկրաինական խմբավորման ջախջախումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Ինչպես նշել է Կոնաշենկովը, «ռուսական զորքերն ու ԼԺՀ–ի Ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումներն ազատագրել են Գորսկոյե և Զոլոտոյե բնակավայրերը»։
Գեներալի տվյալներով` ուկրաինացի մոտ 500 ուժային դեռ կարող են շրջափակման մեջ լինել Դոնբասի Զոլոտոյե շրջանում։
Կոնաշենկովը նշել է, որ այժմ նրանք երկու ճանապարհ ունեն` ոչնչացվել կամ գերի հանձնվել։
ՌԴ ՊՆ տվյալներով` «Կենտրոն» զորամիավորումը, ճեղքելով ուկրաինական զորքերի լավ պատրաստված պաշտպանությունը, ջախջախել է թշնամուն և շրջափակել Լիսիչանսկը հարավից։
««Կենտրոն» զորամիավորման զորամասերն ու միավորումները, գեներալ–գնդապետ Ա.Պ.Լապինի հրամանատարությամբ ճեղքելով ուկրաինական զորքերի լավ նախապատրաստած պաշտպանությունը, ջախջախել են հակառակորդին և հարձակում զարգացնելով` շրջափակել Լիսիչանսկ քաղաքը հարավից», – ասել է նա։
Կոնաշենկովը հավելել է, որ 5 օրվա ընթացքում այդ զորամիավորումն իր ենթակայության տակ է վերցրել 11 բնակավայր, որոնցից առավել խոշորներն են Լոսկուտովկան, Միրնայա Դոլինան, Ուստինովկան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 121-րդ օրը։