ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Լավրով

Սերգեյ Լավրով
Ռուսաստանը պատրաստ է մասնակցել նաև «3+3» ձևաչափին, որում բացի կովկասյան 3 պետություններից, ներգրավված են նաև նրանց 3 խոշոր հարևանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում վերահաստատվել է եռակողմ հայտարարություններով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների անվերապահ կատարումը։ Նա այդ մասին ասաց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։

«Բավարարված ենք եռակողմ աշխատանքային խմբի կազմում փոխվարչապետների աշխատանքից` Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման ուղղությամբ։ Նրանք հանդիպել են հունիսի 3-ին Մոսկվայում, իսկ 2 շաբաթ անց ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում` արձանագրելով, որ վերջին հանդիպումները թույլ են տվել էապես մոտենալ վերջնական պայմանավորվածությունների կայացմանը թե՛ երկաթուղային, թե՛ ավտոտրանսպորտային ուղիների մասով»,- նշեց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շուտափույթ վերականգնման կամ շարունակման անհրաժեշտությունը։
«Ռուսական կողմը, ինչպես և պայմանավորվել են երեք երկրների ղեկավարները, պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել ճիշտ այնպես, ինչպես մենք պատրաստ ենք նպաստել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նախաձեռնություն, որով հանդես են եկել մեր ադրբեջանական բարեկամները»,- ասաց նա։
Լավրովը շեշտեց, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել նաև «3+3» ձևաչափին, որտեղ բացի կովկասյան 3 պետություններից, ներգրավված են նրանց 3 խոշոր հարևանները` Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։
Մոսկվան կոնկրետ առաջարկներ ունի Բաքվին և Երևանին սահմանների հարցում. Լավրով
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։