«ՔՊ-ն դադարել է սպասարկել իմ հավակնությունները». Ուլիխանյանը լքում է կուսակցությունը

Տիգրան Ուլիխանյան
Տիգրան Ուլիխանյանն իր նպատակներն ու հավակնությունները սպասարկելու համար այլ հարթակ է որոնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը լքում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնել է, որ իր անդամակցությունը դադարեցնելու մասին դիմումը ներկայացրել է հունիսի 7-ին։

«Որոշումն ընդունել էի դեռևս մայիսի 4-ին, սակայն փաստաթղթավորման գործընթացը չէի սկսել, որպեսզի դա որևէ կերպ և ոչ մեկի կողմից չփոխկապակցվի հայտնի ներքաղաքական գործընթացների հետ։ Պատճառը շատ պարզ է։ Իմ պատկերացմամբ քաղաքացիները քաղաքական միավորներ ստեղծում կամ դրանց անդամակցում են իրենց քաղաքական նպատակները և հավակնությունները իրագործելու հնարավորություն ստանալու համար։ Արձանագրել եմ, որ ՔՊ կուսակցությունը դադարել է սպասարկել իմ այդ հավակնությունները»,- գրել է նա։

Ուլիխանյանի խոսքով` իր նպատակները և հավակնությունները սպասարկելու համար պետք է այլ հարթակ որոնի ։
Նա նշել է նաև, որ ստեղծման օրվանից ՔՊ-ի հետ անցել է կարևոր քաղաքական ճանապարհ, ինչի համար շնորհակալություն է հայտնում վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ Ուլիխանյանը 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: Նա 2018-2019թթ. զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2020թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող: Իսկ 2021թ. հունվարի 15-ին ՊՎԾ պետ է նշանակվել, սակայն 2021-ի տարեվերջին` դեկտեմբերին, ազատվել է պաշտոնից։