ԵՐԵՎԱն, 24 հունիսի - Sputnik. Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում, Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
«Նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ»,-փոխանցել է նա։
Հիշեցնենք` 44-օրա պատերազմի ժամանակ «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։
2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների և առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Այս կառույցը հիմնադրվել է մի նպատակով` ստեղծել համահայկական ցանց, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է:
Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ՀՀ նախագահն ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմի անդամները 30-ն են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը,Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, Մեծի Տանն Կիլիկիո կարողիկոս Արամ Առաջինը և այլք։