Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները

Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները
Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները քննարկել են իրենց ղեկավարած կառույցների ներուժի զարգացմանն ուղղված քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության մակարդակն ու արդյունքները։ Դրանց շարունակում է նպաստել 2005թ. Մինսկում ստորագրված՝ Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության համաձայնագրի կենսագործումը»,– նշված է հաղորդագրությունում:
Բելառուսի գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը կամրապնդի տվյալ գոտում հանցավորության զսպման և հակազդման ոլորտում անդամ երկրների համագործակցությունը։ Շվեդը նաև ընդգծել է, որ նիստը կարող է նպաստել նաև փորձի փոխանակմամբ և նոր անելիքների նախանշմամբ անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ի հայտ եկող ընդհանուր մարտահրավերներին համատեղ ուժերով առավել արդյունավետ դիմակայելու գործին:
Անդրեյ Շվեդի և Արթուր Դավթյանի հանդիպումը
Կողմերն ընդգծել են հատկապես քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում դատախազությունների սերտ համագործակցության բարձր արդյունավետությունը, քննարկել են 2 երկրի դատախազությունների ներուժի զարգացմանն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունները և այլ հարցեր։
Մինսկում կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները