Ջհանգիրյանը խախտել է դատավորի վարքագծի կանոնը. Չալաբյանի պաշտպանական խումբ

Չալաբյանի պաշտպանական խումբը նշում է, որ Ջհանգիրյանն իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը խախտել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորին ներկայացվող վարքագծի կանոնը, այն է՝ հրապարակայնորեն կարծիք է հայտնել մի գործով, որով հանդես չի գալիս ո՛չ որպես կողմ, ո՛չ էլ կողմի ներկայացուցիչ։ Նման հայտարարությամբ են հանդես եկել «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փաստաբանները` անդրադառնալով Ջհանգիրյանի հարցազրույցին։
Երեկ Հանրային հեռուստատեսության եթերում Ջհանգիրյանն անդրադարձել է Չալաբյանին գաղտնալսելու հանգամանքին՝ նշելով, որ ենթադրում է, թե դա եղել է դատարանի որոշման հիման վրա։
Ավետիք Չալաբյանի գործով քննչական մարմինն անգործություն է դրսևորել. փաստաբան
«Ջհանգիրյանն իր հայտարարությամբ ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը։ Նա հիմք է տալիս ենթադրելու, որ թե՛ վարույթն իրականացնող մարմնի, և թե՛ առայժմ այս փուլում մինչդատական և դատական վերահսկողության գործերով դատավորների նկատմամբ առկա է հստակ վարչահրամայական ճնշում»,- ասված է Չալաբյանի փաստաբանների հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ օրենքի համաձայն` գաղտնալսումը որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում կարող էր իրականացվել բացառապես այն դեպքում, երբ Չալաբյանը կասկածվեր ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ նրան մեղսագրվել է միջին ծանրության հանցագործություն։ Պաշտպանների համար անհասկանալի է, թե արդյոք Ջհանգիրյանի ենթադրությունը ներառո՞ւմ է նաև, որ, օրինակ, դատարանը թույլատրել է ոչ միայն գաղտնալսել Չալաբյանին, այլ նաև՝ գաղտնալսման ձայնագրությունը մոնտաժելն ու լրատվական կայքում տեղադրելը։
Միաժամանակ, Չալաբյանի պաշտպանները չեն բացառում, որ քննարկվող գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է իրավապահ մարմինների կողմից, սակայն միանշանակ բացառում են, որ այդ գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է օրինական ճանապարհով։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին Չալաբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։