ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը կարծում է, որ Երևանում հարյուրավոր հեկտարների վրա բազմաթիվ շենքեր կառուցելը խայտառակություն է։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված ասուլիսում` նշելով, որ այսօր կառուցապատման առումով մայրաքաղաքում անկառավարելի վիճակ է. շինարարների ու քաղաքապետարանի առջև դրված որևէ գաղափար չկա։
«Ի՞նչ է կատարվելու վաղը Երևանում` մշուշ է, որովհետև հարյուրավոր հեկտարների վրա կառուցապատումներ են իրականացվում։ Որոշ ժամանակ անց այդ ամենը կփոխի Երևանի վիճակը տարբեր ասպարեզներում` տրանսպորտի, անվտանգության»,- ասաց ճարտարապետը։
Նրա խոսքով` այդ շենքերի, համալիրների կառուցումն անհատներ են իրականացնում, բայց այն մարմինները, որոնք պետք է համակարգեն այդ ամենը, անկանոն վիճակում են թողել մայրաքաղաքը, ինչն անթույլատրելի է։
Պողոսյանն անդրադարձավ Երևանի գլխավոր հատակագծին, որն արվել էր 20 տարվա հեռանկարով, և ընդգծեց` ժամկետն ավարտվել է, և հիմա նույնանման հատակագիծ չկա։
«Կարծում եմ, որ Երևանում շինարարություն անելիս պետք է ամեն ինչ հաշվի առնել երկրի մակարդակով։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած հատակագիծը որևէ առնչություն չունի այսօրվա քաղաքի հետ։ Նա ամեն ինչ այնպես էր գծագրել, որ մայրաքաղաքի, հանրապետության տարածքների և տնտեսության «փոխհարաբերությունները» հարմոնիկ լինեն։ Պետք է կասեցնենք Երևանի հետագա «աճը», քանի որ եթե այսօրվա իրավիճակը շարունակվի, հետևանքները կարող են աղետալի լինել»,- շեշտեց ճարտարապետը։
Նա հավելեց` քաղաքաշինությունն այնպիսի ոլորտ է, որն ազդում է էկոնոմիկայի, արդյունաբերության, տրանսպորտի վրա։ Պողոսյանի պնդմամբ` Երևանը չի կարելի այսչափ զարգացնել։
Ճարտարապետը խոսեց նաև սեյսմիկ անվտանգության մասին և շեշտեց` Հայաստանը սեյսմիկ գոտում է գտնվում, և երկրի բնակչության մեծ մասին մեկ քաղաքում տեղավորելն ու բազմաթիվ շենքեր կառուցելը նշանակում է վտանգի տակ դնել այդ մարդկանց։