ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ համակարգչային միջադեպերի արձագանքման խորհրդատվական կենտրոնի նիստում, որը հունիսի 23-24-ին կայացել է Երևանում, քննարկվել են տեղեկատվական անվտանգության ամենաարդիական սպառնալիքները, ինչպիսիք են ֆիշինգը (երբ էլեկտրոնային սպամ նամակների միջոցով փորձում են ստանալ սոցիալական կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը, ծածկանունը) և DDoS հարձակումները:
ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունները կարևորել են տեղեկատվության փոխանակման հետագա զարգացման կարևորությունը` համակարգչային հարձակումների հայտնաբերման, կանխարգելման և վերացման, միջադեպերին արագ արձագանքելու համար։
ՀԱՊԿ պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հայկական կողմը նիստի մասնակիցներին է ներկայացրել հայաստանյան ընկերություններից մեկի օրինակը, որտեղ այս տարի իրականացված տեխնիկական սարքավորումների արդիականացման, համակարգչային գրոհներին հակազդելու ծրագրային ապահովման միջոցով փորձ է արվել կանխել նման հարձակումները։