ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին են անդրադարձել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները քննարկել են 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։
Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների՝ տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների համապարփակ և լիարժեք հասցեագրման նպատակով:
Նշենք, որ Արտակ Բեգլարյանին այսօր ընդունել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։