Եվրոպան մոռացել է ինքնորոշման իրավունքի մասին. Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հայկ Մամիջանյան. Արխիվային լուսանկար
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի խոսքով`ոչ ոք չի խոսում այն մասին, որ ԵԽ անդամ պետությունը (Ադրբեջանը) օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը և պարզապես հրաժարվում է դուրս գալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է, որ հրաժարվում է հավատալ, թե Եվրոպան մոռացել է ինքնորոշման իրավունքի մասին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար իրականում ապրելու իրավունք է: Մամիջանյանն իր ելույթը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նա նշել է, որ եվրոպական արժեքների «ռետինե» դարում այդ արժեքները ճկվում են քաղաքական գործիչների քմահաճույքով։
Իշխանությունների հարցեր. Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում հիմնական զեկուցող է նշանակվել
Նա հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը ընդունել է 4 փաստաթուղթ, որոնցում կարևորվում է գերիների անհապաղ վերադարձի պահանջը, սոցիալական բնույթի ահաբեկչության անթույլատրելիությունը, ինչպես, օրինակ, սաստիկ ձմռան պայմաններում Արցախի ժողովրդին թողնելն էր առանց գազամատակարարման և որտեղ հստակ մատնաշվում էր 44-օրյա պատերազմի իրական ագրեսորը, սակայն դա որևէ հետևանք չունեցավ ԵԽ անդամ երկրի համար:
Մամիջանյանի խոսքով` Ադրբեջանի պատգամավորը ԵԽԽՎ նիստում Հայաստանը դարձյալ անվանել է Ադրբեջանի պատմական տարածք։

«Ոչ ոք չի խոսում այն մասին, որ ԵԽ անդամ պետությունը օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը և պարզապես հրաժարվում է դուրս գալ»,- ասել է Մամիջանյանը։

Նա նաև անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին ու ԵՄ լռությանը, մասնավորապես, երբ Երևանում ԵՄ դեսպանատան շեմին ծեծել են հավաքի խաղաղ մասնակիցներին և կիրառել լուսաձայնային նռնակներ։ Կամ երբ լրագրողներին և Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին չի թույլատրվել մասնակցել ժողովրդավարության և խոսքի ազատության թեմայով անցկացվող քննարկմանը, որին ներկա էին նաև ԵՄ տեղական պաշտոնյաներ։