Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բժիշկներն անում են հնարավորը` նրանց առողջական վիճակի բարելավման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Տուժածները տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` այսօր` 14:00-ին, Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեի ավտոտեխսպասարկման կետում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։
Ականատեսներից մեկը Sputnik Արմենիան պատմել էր, որ գազի արտահոսքի ձայն են լսել, մոտեցել են մեքենային, փակել գազի փականը, հետո պայթյուն է որոտացել։
Բոլոր 5 տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Բարեբախտաբար, զոհ չկա։