ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Գրող, իրավապաշտպան, ակտիվիստ և «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի շրջանակում անցկացվող տարածաշրջանային մրցութային ծրագրի ժյուրիի կազմում։ Տեղեկությունը հայտնում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
Կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 10-17-ը, այս տարի կունենա մրցութային 3 ծրագիր, որոնց թվում լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված ծրագրերն են։ 19 երկրի մասնակցությամբ տարածաշրջանային մրցույթի մեկնարկը կրկին տրվելու է հայկական ֆիլմով։ Փառատոնի վերջում կցուցադրվի Արցախյան պատերազմի մասին ֆիլմաշար՝ նկարված հետպատերազմական շրջանում, ընդ որում`ոչ միայն հայ ռեժիսորների կողմից։
Եզդի ակտիվիստ և իրավապաշտպան, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային իր ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմից տուժած մարդկանց փրկելու գործին՝ տեղափոխելով կանանց և երեխաներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից:
«Սադամ Հուսեյնի իշխանությունից հետո Դինային աշխատել է որպես Իրաքի նախագահ Ջալյալ Թալաբանիի խորհրդատու և Իրաքում փոքրամասնությունների և իրավունքների հարցերով կառավարության ներկայացուցիչ: 2007 թվականի օգոստոսի 14-ին 2 մահապարտ ահաբեկիչ պայթեցրեց ականապատ մեքենաները Մոսուլի մերձակայքում գտնվող երկու եզդիական քաղաքում: Միրզա Դինային նախաձեռնեց դրամահավաք և հիմնեց կազմակերպություն, որն օգնեց հարյուրավոր երեխաների և կանանց Գերմանիայում ստանալ ապաստան և բժշկական օգնություն, նրանց թվում էր՝ ապագա ակտիվիստ և Սախարովի մրցանակակիր դափնեկիր Լամիյա Հաջի Բաշարը»,– նշված է հաղորդագրությունում։
2014 թվականի օգոստոսին, երբ ԴԱԻՇ-ի զինվորները գրավել էին Սինջարը, եզդիները փախել էին Սինջարի լեռներ, իսկ Միրզա Դինային համոզել էր Իրաքի վարչապետին ուղղաթիռներով տարհանել խաղաղ բնակիչներին` ուղղորդելով տեղանքին ոչ ծանոթ օդաչուներին: Այն ուղղաթիռը, որում Դինային էր, վթարի էր ենթարկվել ու կոտրված ոտքով և կողոսկրերով Միրզա Դինային ողջ մնաց ու տեղափոխվեց Գերմանիա։ Կարճ ժամանակ անց նա վերադարձավ Իրաք՝ այցելելու Խանքեի փրկարարական ճամբար:
Միրզա Դինային «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր է դարձել 2019 թվականին։