Արհեստականորեն ուռճացվում է. Պուտինը` ուկրաինական հացահատիկի արտահանման խնդրի մասին

ՌԴ նախագահը մեկնաբանել է պարենային ապահովման վերաբերյալ հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակն արհեստականորեն ուռճացվում է։ Այս մասին «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։ Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարումների իրականացմանը խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է նման մեղադրանքները։
Պուտին. «ԲՐԻԿՍ+»–ը հանդես է գալիս աշխարհում ճշմարիտ ժողովրդավարական բազմաբևեռ կարգի օգտին
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում ուկրաինական հացահատիկի արտահանմանը։
Նա նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է ապահովել պարենի անարգել փոխադրումը, սակայն դրա համար Կիևի կառուցողական դիրքորոշումն է պետք:
«ՌԴ-ն պատրաստ է ապահովել հացահատիկով նավերի ազատ անցումը միջազգային ջրեր, եթե, իհարկե, ուկրաինացի զինվորականներն ականազերծեն բեռնման նավահանգիստներն ու մերձակա ջրատարածքը։ Ավելին, մենք համապատասխան պայմանավորվածություն ունենք ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցիչների հետ, բայց նախկինի պես կառուցողական մոտեցում չկա Կիևի իշխանությունների կողմից»,-նշել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանում հացահատիկի բերքը լավ է, և ՌԴ-ն կարող է համաշխարհային շուկաներ մատակարարել 50 մլն տոննա հացահատիկ:
Ռուսաստանը կչեղարկի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները
«Մեզ մոտ բերքը լավ է։ Աստված տա` մեզ մոտ ամեն ինչ նորմալ կլինի։ Եվ մենք 37 մլն տոննայից, որն այս տարի համաշխարհային շուկա ենք մատակարարում, ամենայն հավանականությամբ, կարող ենք համաշխարհային շուկաներ մատակարարել 50 մլն տոննա հացահատիկ»,- ասել է Պուտինը։
Թեմայի շարունակության մեջ ռուսական պետության ղեկավարը նկատել է, որ ԱՄՆ–ն դեռ վերջերս պարենամթերքի արտահանող էր, իսկ հիմա, ընդհակառակը, սկսել է ավելի շատ գնել։
«Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները բոլորովին վերջերս պարենամթերքի արտահանող էր, իսկ հիմա, իմ կարծիքով, 17 մլրդ դոլարով ավելի շատ գնում են, քան վաճառում»,- նշել է Պուտինը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր` իրական վտանգ կա, որ 2022 թվականին շատ վայրերում սով կհայտարարվի: Նա ներկայացրել էր Պարենի համաշխարհային ծրագրի տվյալները, որոնց համաձայն՝ վերջին 2 տարում աշխարհում պարենի սուր դեֆիցիտ ունեցող մարդկանց թիվն ավելի քան կրկնակի ավելացել է և հասել 276 միլիոնի: Ավելին, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, 2023 թվականին ամեն ինչ կարող է ավելի վատ լինել։