Զարգացման նոր մակարդակ. հանդիպել են ՀՀ-ի և Ղազախստանի դատախազները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Ղազախստանի գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ
ՀՀ և Ղազախստանի գլխավոր դատախազները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հանցավորության դեմ պայքարի հարցեր
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Մինսկում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Ղազախստանի գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը:
Դավթյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ոչ միայն կպահպանվի փոխադարձ վստահության և հարգանքի վրա կառուցված երկու երկրների դատախազական կառույցների միջև գործակցության առկա դինամիկան, այլ նաև հնարավոր կլինի վերջինս հասցնել զարգացման նոր մակարդակի:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Ղազախստանի գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ
Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել հատկապես իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ՂՀ գլխավոր դատախազությունների սերտ համագործակցության առնչությամբ, ինչի մասին են վկայում քրեական գործերով իրավական օգնության բազմաթիվ հարցումների կատարման փաստը:
Պարոն Ասիլովն իր հերթին նշել է, որ միջպետական համագործակցության առումով ՀՀ գլխավոր դատախազությունը իրենց համար վստահելի գործընկեր է: Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկկողմ կապերն ավելի կսերտանան և կբարձրանա գործակցության արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների առաջնահերթություններից բխող՝ հարաբերությունների զարգացման հնարավոր նոր ուղղությունները, ընդհանուր տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հանցավորության դեմ համատեղ պայքարի, փորձի, տեղեկատվության փոխանակման ոլորտներում դատախազությունների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու խնդիրները: