Ընտրություններին կմասնակցեն միայն ID քարտ ունեցողները. Փաշինյան

Նույնականացման քարտով գրանցումն ու էլեկտրոնային համակարգում հաշվառումն, ըստ վարչապետի, կբացառի կրկնաքվեարկությունների հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար քաղաքացիները պարտադիր պետք է նույնականացման (ID) քարտեր ունենան։
Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ-ում իրականացվող թվայնացման բարեփոխումներին։

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք հիմա ընտրական մի քանի փաստաթուղթ ունենք` անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր։ Մեզ անհրաժեշտ է ունենալ հատկապես նույնականացման քարտ, իսկ ընտրական տեղամասեում` այդ քարտերը կարդացող սարքեր, որպեսզի մանիպուլյացիայի մասին բոլոր թեմաներն ընդհանրապես լուծվեն»,- ասաց նա։

Նույնականացման քարտով գրանցումը և էլեկտրոնային համակարգում հաշվառումն, ըստ վարչապետի, կբացառի կրկնաքվեարկությունների հնարավորությունը։
Երկիրը ինչ մարտահրավերների առաջ է, բորդյուրի տակ հավաքված ցեխն ենք քննարկում. Փաշինյան
Մյուս կողմից, նույնականացման քարտերի ստացումը կնպաստի նաև ընտրացուցակների ճշգրտմանը։ Փաշինյանի դիտարկմամբ` նույնականացման քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք անձամբ կներկայանան անձնագրային բաժիններ ու կդիմեն դրանք ստանալու համար, կամ որոնք արդեն ստացել և օգտվում են դրանցից ՀՀ-ում տարբեր գործառնություններ իրականացնելիս։
Նշենք, որ այս դրույթը ՀՀ Ընտրական օրենսգրքում ներկա պահին ներառված չէ։