ՌԴ–ի և Իրանի սխեմաները թույլ են տալիս համագործակցել պատժամիջոցների պայմաններում. Լավրով

Սերգեյ Լավրով
Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանի և Իրանի երկկողմ ծրագրերն արդեն կոնկրետ տեսք են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի միջև գործում են սխեմաներ, որոնք թույլ են տալիս աշխատել էներգետիկայի ոլորտում և պատժամիջոցների պայմաններում։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլահիանի հետ բանակցություններից հետո այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովը նշել է, որ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը լավ հեռանկարներ և հարուստ պատմություն ունի։ Դա վերաբերում է երկկողմ գործակցությանը։
«Մենք միշտ գտել ենք ոլորտի խնդիրների լուծումը, որոնք ծագել են նախևառաջ ԱՄՆ–ի և նրա կամակատարների անօրինական գործողությունների պատճառով։ Նրանք ամեն կերպ ջանացել են խոչընդոտել ԻԻՀ–ի էներգետիկ ոլորտի զարգացումը, իսկ այս փուլում փորձում են նույնը անել նավթի և գազի արդյունահանման ոլորտի զարգացման և ՌԴ–ի նավթի ու գազի տեղափոխման հարցում», – հայտարարել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ երկկողմ ծրագրերն արդեն կոնկրետ տեսք են ստացել և միտված են նրան, որ կախված չլինեն որևէ մեկի կողմից անօրինական միակողմանի միջամտությունից:
Նշենք, որ Լավրովն այսօր է մեկնել Թեհրան։ Ռուսական դիվանագիտության ղեկավարի այս ուղևորությունն առաջինն է Էբրահիմ Ռայիսիի՝ Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: