ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Ռուսական կողմը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ ուկրաինական հացահատիկի արտահանման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Բելառուսի ազգային պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է նավահանգիստներին, դրանք մեր կողմից չեն արգելափակվել։ Մեր զինված ուժերն այս տարվա մարտից անվտանգ միջանցքներ են բացում Ուկրաինայի ականապատված տարածքային ջրերից մինչև Բոսֆորի նեղուց», - ասել է նա։
Լավրովն ընդգծել է, որ ուկրաինական կողմը պետք է ականազերծի նավահանգիստները, ինչը չի ցանկանում անել։
Ռուս նախարարը նշել է նաև, որ ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման ամենահեշտ ճանապարհը Բելառուսի տարածքով է, Լեհաստանի և Ռումինիայի տարածքով երթուղիներն ավելի ծախսատար են:
Լավրովի խոսքով՝ դրա համար պետք է միայն ապահովել ամբողջ լոգիստիկան և ֆինանսական շղթաները:
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։ Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին դեպի համաշխարհային շուկաներ Ուկրաինական հացահատիկի մատակարարումներին հակազդելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։