Հողաշերտի սահք է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Հունիսի 22–ի ուշ երեկոյան հողաշերտի սահք է տեղի ունեցել Երևանում` դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 22-ին, ժամը 23:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում՝ հողաշերտը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում, տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով արտահոսած ջրի ազդեցության տակ՝ հողաշերտի սահք․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի փակ»,–տեղեկացնում են ԱԻՆ–ից։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։
Տեղական ինքնակառավարման մարմինները և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, ինժեներական տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրվել է․
ժամը 03։30-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Հիշեցնենք` մայիսի 20-ին էլ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում էր տեղի ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել էր ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածի վերականգնումն ավարտվեց հունիսի 13–ին։