Մոսկվան կոնկրետ առաջարկներ ունի Բաքվին և Երևանին սահմանների հարցում. Լավրով

Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրովի խոսքով, ընդհանուր ըմբռնում է առաջանում, թե ինչպես կարելի է լուծել երթևեկության կազմակերպման խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի աշխատանքին սահմանների բացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են Ադրբեջանի և Հայաստանի կողմից սահմանների սահմանազատման և սահմանագծման համար: Այս հարցում կա կոնկրետ առաջարկ»,- ասել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խումբը որոշակի առաջընթաց է գրանցել, Մոսկվան հայկական կողմի հետ քննարկում է համաձայնեցման ենթակա հարցեր։
«Ինձ թվում է, որ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն», - ասել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Սա Գրիգորյանի և Մուստաֆաևի առաջին բանակցություններն էին սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։