ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Կաշառք ստանալու կասկածանքով ճանապարհային ոստիկանության տեսուչ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ 2021թ. մարտին ոստիկանության ՃՈ ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ.-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզել է, որ վերջինս ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի և ԱՊՊԱ պայմանագրի։
«Վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից ՃՈ տեսուչը պահանջել և ստացել է 20 000 դրամ կաշառք»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպիսով` Մ. Ս.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է կաշառք ստանալու համար։ Կատարվում է նախաքննություն: