ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև որոշում է ընդունվել վերջնական լուծում տալ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման խնդրին։
Այդ նպատակով դեռևս 2022թ-ի մայիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցման» պայմանագրում»։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հավանություն տալ փոփոխությունների արձանագրության ստորագրման առաջարկությանը։
Թե ինչ փոփոխություններ է ենթադրում նոր պայմանագիրը, դեռևս չի բացահայտվում։ Կառավարւթյան պաշտոնական կայքում հրապարակված նախագծում նշվում է միայն, որ արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած իրավիճակում ԵԱՏՄ անդամ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ հաշվարկների իրականացման և միմյանց բյուջեներ փոխանցումների անհրաժեշտությամբ։
«Արձանագրության ստորագրումը թույլ կտա առկա իրավիճակում անխափան իրականացնել ԵԱՏՄ անդամ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխհաշվարկները։ Վերը նշված նպատակներից ելնելով՝ նպատակահարմար ենք համարում արձանագրության նախագծի ստորագրումը»,- գրված է որոշման նախագծում:
Միջազգային պայմանագրի ստորագրումը կազմակերպելու հաձնարարություն է տրվել ՀՀ ֆինանսների և արտաքին գործերի նախարարին։
Հիշեցնենք` հունիսի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե մաքսատուրքերի վերջին փոխադարձ վճարումները կատարվել են 2022թ-ի փետրվարի վերջին։ Դրանից հետո Հայաստանը ո՛չ ստացել է իր բաժին գումարը, ո՛չ էլ փոխանցում կատարել։
Այս խնդիրն ի հայտ է եկել ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած լոգիստիկ խնդիրների պատճառով, որոնց հետևանքով խոչընդոտներ են առաջացել ԵԱՏՄ շրջանակներում միջպետական փոխանցումների հատվածում։ Ավելի կոնկրետ` Ռուսաստանի ու Բելառուսի դեմ սահմանված սահմանափակումները դոլարով իրականացվող այդ փոխանցումները անհնար են դարձրել։
Ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի` երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից մաքսատուրքերը, բացառությամբ ֆիզիկական անձանց վճարած մաքսատուրքերի, գանձվում են տվյալ երկրի ազգային արժույթով։ Հետո այդ գումարը վերածվում է ԱՄՆ դոլարի, փոխանցվում ԵԱՏՄ միասնական բյուջե, որտեղից բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև` ըստ սահմանված համամասնության։
Խնդիրը լուծելու համար մարտի 18-ին Մոսկվայում գումարված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում առաջարկ է եղել անցնել մասնակի ռուբլով փոխանցումների տարբերակին։ Ըստ առաջարկված տարբերակի` ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 3-ը` Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը, հնարավոր է` շարունակեն փոխանցել դոլարով, իսկ Բելառուսն ու Ռուսաստանը անցնեն ռուբլով փոխանցման։ Մեկ այլ տարբերակի համաձայն, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին առաջարկվել է անցնել ռուբլով փոխանցումներ կտարելուն։
Նշենք, որ Հայաստանի մասնաբաժինը մաքսատուրքերի ընդհանուր բյուջեից կազմում է 1.22 տոկոս։ 2021թ-ի ընթացքում Հայաստանն այդ հաշվարկով ԵԱՏՄ-ից ստացել է 84 մլրդ 840 մլն դրամ, ինչը 2020թ-ից 16 մլրդ 572 մլն դրամով ավելի է։
Այս տարվա մարտ ամսվա դրությամբ Հայաստանին չփոխանցված գումարը շուրջ 6 մլրդ դրամ է, ապրիլին դրան ավելացել է ևս շուրջ 4 մլրդ դրամ։
ՀՀ ՊԵԿ նախագահն այս նվազումը մեկնաբանել է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային եկամուտների նվազմամբ։