Արթուր Դավթյանը Բելառուսում է. նա հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
Արթուր Դավթյանը Մինսկում մասնակցում է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունենալու գործընկեր գլխավոր դատախազների հետ։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Դավթյանը Մինսկում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստի շրջանակում:
«Համակարգող խորհրդի հերթական ամենամյա նիստի ընթացքում կքննարկվեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման և վերադարձման, քրեական վարույթների շրջանակում գործարարության իրավունքների պաշտպանության, ծայրահեղականության և ահաբեկչության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում ԱՊՀ անդամ երկրների փորձն ու դատախազությունների գործառույթները»,– նշված է հաղորդագրությունում:
Նիստի օրակարգում են նաև անդամ երկրներում հանցավորության, դատախազական և քննչական գործունեության, հանցավորության դեմ պայքարում միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակի, համակարգող խորհրդի՝ 2021թ. գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցները։ Անդրադարձ է լինելու նաև նախորդ տարիներին համակարգող խորհրդի կողմից հաստատված՝ առանձին ուղղություններով համագործակցության ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման, համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցերին։
Հիշեցնենք, որ հունիսի 15-18-ն էլ Դավթյանը Ռուսաստանում էր, որտեղ մասնակցում էր Պետերբուրգյան տնտեսական համաժողովին։ Այնտեղ նա հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։