ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսաստանը կշարունակի սերտորեն աջակցել Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նման կարծիք է հայտնել այսօր ճեպազրույցի ժամանակ:
«Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը»,-ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ հունիսի 3-ին տեղի է ունեցել հերթական նիստը, կողմերը մոտեցրել են դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ։ Քննարկումները շարունակվեցին հունիսի 16-17-ը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում:
Ինչ վերաբերում է աշխատանքի մանրամասներին, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խորհուրդ է տվել հարցն ուղղել խմբի համանախագահներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, որպես Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի համանախագահներ, հանդիպում են անցկացրել Սանկտ Պետերբուրգում: