ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, տեղեկությունը հայտնում է թանգարանը։
«Դեսպանն արժևորել է մասնավորապես ռուսական մշակութային կառույցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը։ Նա նշել է, որ դրանք հնարավորություն կընձեռեն սերտացնելու փոխադարձ շփումները, ձևավորելու երկխոսություն մասնագետների միջև, առավել ամրապնդելու երկու երկրների միջև մշակութային փոխգործակցությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Սերգեյ Կոպիրկինն այցելել է Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
Կոպիրկինը կարևորել է թանգարանի դերը հայ ժողովրդական արվեստի արժեքների պահպանման ու հանրահռչակման գործում: Նա իր աջակցությունն է հայտնել թանգարանին երկկողմ համագործակցության զարգացման ծրագրերի համատեքստում։
Դեսպանը թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ ծանոթացել է թանգարանի մշտական ցուցադրությանը։