«Գոլդեն փելեսը» գնած Նարեկ Նալբանդյանին պատկանող մեկ այլ ընկերություն տուգանվել է

Ձվեր. Արխիվային լուսանկար
Ընկերությունը հասարակությանը մոլորեցրել է՝ դրսևորելով անբարեխիղճ մրցակցություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը վերջերս բավական կլորիկ գումարով տուգանվել է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում։
Պատճառն այն է, որ Նալբանդյանին պատկանող ընկերությունը հասարակությանը մոլորեցրել է՝ դրսևորելով անբարեխիղճ մրցակցություն։

«Մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից 10-հատանոց ECO և 30-հատանոց ecoDemonstrator մակնշումներով տուփերով հավկիթների իրացումը այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակվել են որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն: Այս խախտման համար մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընկերության նկատմամբ նշանակել է տուգանք՝ 3 մլն 44 հազար 534 դրամի չափով»,- գրում է թերթը:

Հիշեցնենք՝ այս տարեսկզբին «Շիրակ» թռչնաֆաբրիկան ինքնարժեքից էժան ձու էր հանել վաճառքի: Այս ընկերությունը ձվի շուկայում գնային տատանումներ էր անում: Նշենք, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Նալբանդյանի ընկերության նկատմամբ դեռ փետրվարի 8-ին է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցել:
Հասարակությանը ոչ այնքան հայտնի գործարար Նարեկ Նալբանդյանն ավելի վաղ ձեռք է բերել մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն փելես» հյուրանոցը և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը։