ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վագահն Խաչատուրյանը պատրաստ է ընդունել ընդդիմադիրներին և խոսել նրանց հետ։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց Խաչատուրյանը։
«Ես առաջին օրվանից եմ ասել, որ պատրաստ եմ ընդունել ընդդիմադիրներին, սակայն ինձ համար մի պայման կա` դա պետք է լինի նորմալ բառապաշարով և համապատասխան հռետորաբանությամբ։ Ես չեմ փորձելու որևէ մեկին դաստիարակել, կամ էլ որևէ մեկը չպետք է ինձ դաստիարակի` արդեն այդ տարիքին չենք»,–ասաց նախագահը։
Նրա խոսքով` առաջին իսկ օրվանից ընդդիմությունը հրաժարվել է իր հետ խոսակցությունից, և մինչև հիմա էլ այդ իրավիճակն է։
Նախագահը հիշեցրեց, որ երբ Հայաստանում էր Լիտվայի նախագահը, ընդդիմությունը բողոքի ակցիա էր անում և ասում, որ Խաչատուրյանն իրավասու չէ հանդիպել վերջինիս հետ, քանի որ լեգիտիմ չէ.
«Իրականում սա իրենց խնդիրն է։ Սակայն այն բառապաշարը, որը կիրառվում է փողոցում այս 1.5 ամսվա ընթացքում, ինձ համար անընդունելի է, և չեմ կարծում, որ դրանով նրանք հնարավորություն են տալիս դիմացինի հետ խոսելու։ Ես նորից եմ կրկնում` նախագահականի դռները բաց են»։
Նկատառմանը, թե ընդդիմադիրների այս շարժումը 1988-ի շարժման հետ էին համեմատում` Խաչատուրյանն արձագանքեց, թե այն երբեք իր բառապաշարով և պահվածքով այդպիսին չէր եղել։