Կարևոր է երկաթուղու համալրումը. Նազելի Բաղդասարյանն ու Ալեքսեյ Մելնիկովը հանդիպել են

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին
Շիրակի մարզպետը Մելնիկովի հետ զրույցում անդրադարձել է նաև էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը պայմանավորվել են ուղևորափոխադրումների ժամերը քննարկել՝ նպատակ ունենալով նպաստել տուրիստական հոսքերի ավելացմանը։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը` հավելելով, որ Բաղդասարյանն այսօր ընդունել է Մելնիկովին։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկով
«Տեղյակ եմ, որ դուք բոլորովին վերջերս հանդիպել եք ձեր Վրաստանի գործընկերոջը, և ուրախ կլինենք, որ մեր մարզի համար էլ արդյունավետ առաջարկներ լինեն։ Կարևոր է երկաթուղու հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար և բեռնատար կազմով համալրումը»,- ասել է Շիրակի մարզպետը։
Մելնիկովը նշել է, որ նախորդ տարվա համեմատ ուղևորափոխադրումների առումով աճ ունեն, 2021-ին 59 000 ուղևոր է փոխադրվել, այս տարի՝ 63 000։ Նա նաև հիշեցրել է, որ Գյումրիում նոր գնացքներ են աշխատում։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին
Հանդիպման ժամանակ քննարկվել է միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի կառավարությունը այս տարվա հուլիսի 1-ից ավելացնելու է անկանխիկ եղանակով գործարքների թիվը` Բաղդասարյանը խոսել է էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու մասին, որը մինչ օրս չի կիրառվում «Հարավկովկասյան երկաթուղի»-ում։ Մելնիկովը վստահեցրել է, որ նման ծրագիր ունեն։