ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Քննչական կոմիտեի շենքի առջև են հավաքվել։ Հարցն այն է, որ պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, հրավիրվել է քննչական կոմիտե, և զոհվածների հարազատներն էլ հավաքվել են ՔԿ առջև` աջակցելու Գալեյանին։
«Այսօր եղբորս են կանչել ՔԿ, իսկ հունիսի 24-ին` ինձ։ Կբարձրանանք վերև այսօր և կհասկանանք` ինչի համար են կանչել, քանի որ դեռ ոչինչ հայտնի չէ։ Շինծու քրգործ էր հարուցվել մեր դեմ, և այդ գործով ինձ չեն էլ հարցաքննել։ Գուցե եղբորս կանչել են, որ ասեն` կարճվել է քրգործը։ Գուցե նրանք էլ ամոթ ունեն։ Նրանք մեր երեխաների արյան հետ են խաղում»,- ասաց Մխիթարի հայրը` Գարիկ Գալեյանը։
Հավելենք, որ Արթուր Գալեյանն այս պահին ՔԿ-ում է, իսկ զոհվածների հարազատները դրսում սպասում են նրան։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորն ու հորեղբորը։ Նրանց կալանավորելու միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատարանը մերժել էր այն։
ՔԿ հաղորդագրության համաձայն` եղբայրները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը, մայիսի 17-ին` ժամը 14:05-ի սահմաններում, սահմանված կարգի խախտմամբ մուտք են գործել ՊՆ N զորամասի տարածք։ Նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: