ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Եվրոպայում ու Եվրոպայի սահմաններից դուրս քաղաքական կուսակցություններն այսօր իրենց քարոզչական արշավները, հռետորաբանությունը, երբեմն էլ գործողությունները կառուցում են ատելության, ռասիզմի ու այլատյացության վրա: ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը, հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նման քաղաքական կուսակցություններն ու նրանց առաջնորդները երբեմն հայտնվում են սեփական ծուղակում: Նրանք ատելությունն այնքան են տարածում ու ամրապնդում, որ հետո չգիտեն, թե ինչպես պետք է վերահսկեն ու հաղթահարեն իրենց իսկ ստեղծած ատելությունը»,- ասել է պատգամավորը։ Նա ընդգծել է, որ դա վտանգավոր է հատկապես այն դեպքում, երբ ատելությունը քարոզվում ու տարածվում է անմիջական հարևանությամբ ապրող հասարակության նկատմամբ:
«Ավելի վտանգավոր է, երբ գոյություն ունի չլուծված հակամարտություն, որը միևնույն ժամանակ խաղաղ կարգավորման կարիք ունի՝ նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Ադրբեջանում համակարգային հայատյացության համատեքստում: Դուք շատ լավ գիտեք Բաքվի ռազմավարի պուրակի դեպքը, որը փառաբանում է պատերազմը, պատկերում գերության մեջ գտնվող հայ զինվորներին, որտեղ նվաստացնում են մարդկային արժանապատվությունը և անմարդկային դարձնում հայերին: Նույնիսկ դպրոցականներին են տարել այդ այգի: Սա պետության կողմից հովանավորվող ատելության և ռասիզմի դեպք էր»,- ասել է նա` հիշեցնելով, որ հայ զինվորների մանեկենները պուրակից հանվել են միայն ժամանակ, երբ Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան:
Հայաստանցի պատգամավորն արձանագրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելություն են քարոզում ու հրահրում հենց պաշտոնյաներն ու հասարակական կառույցները։
«Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը և իր Խորհրդարանական վեհաժողովը նույնպես պետք է բարձրաձայնեն և պետական մակարդակով ատելության խոսքը, ռասիզմը ու այլատյացությունն ուղղակիորեն կոչեն իրենց անուններով։ Եվ մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ, քանի որ ատելությունը սնդիկի նման թունավոր է, որը թափվելուց հետո շատ դժվար է հավաքել»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:
Նշենք, որ հունիսի 19-25-ը Ֆրանսիայում անցկացվում է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանը։ Նախօրեին այնտեղ ելույթ է ունեցել նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը։ Նա իր խոսքում Եվրախորհրդին մեղադրել է ԼՂ-ի հարցում իրերն իրենց անուններով չկոչելու համար։